ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Հպարտանում եմ, որ հայ եմ, և Հայաստանն ունի այսպիսի ղեկավար»

«Հպարտանում եմ, որ հայ եմ, և Հայաստանն ունի այսպիսի ղեկավար»
13.10.2012 | 16:46

Ռիմա Դեմիրճյանի «Հիշատակ» ստվարածավալ գիրքը նվիրված է Կարեն Դեմիրճյանի լուսավոր կերպարին, ինչպես ինքը` հեղինակն է գնահատում. «Ընդամենը մի փորձ է` չհավակնելով լիարժեք նկարագրության, սեփական ներդրումն ունենալ Կարենի կյանքի պատմությունը, կենդանի, իրական, ամբողջական կերպարը ներկայացնելու գործում»:

Գիրքը բաղկացած է մեր ժողովրդի ամենասիրելի ղեկավարներից մեկի կենսագրությունը ներկայացնող առանձին բաժիններից, որոնք պատմում են նրա կյանքի տարբեր փուլերի, աշխատանքային, հասարակական-քաղաքական գործունեության ընթացքի, անձնական, բարեկամական կապերի, ընտանեկան մթնոլորտի, նաև արյունալի հոկտեմբերի 27-ի ու դրան հաջորդած զարգացումների մասին:
Այն, որ Կարեն Դեմիրճյանը եղել է հայրենասեր ու բացառիկ հնարամտությամբ խորհրդային ղեկավարությանը հայանպաստ ծրագրերի իրագործմանը մղող ղեկավար, նորություն չէ ոչ մեկիս համար: Այդ փաստերի հիշատակումներն անհաշիվ են Ռիմա Դեմիրճյանի գրքում: Պակաս կարևոր չէ նաև այն ճշմարտությունը, որ Կարեն Դեմիրճյանը պետական բարձր պաշտոնյա լինելուց առաջ և հետո փայլել է իր մասնագիտական ոլորտում` աշխատելով էլեկտրատեխնիկական գործարանում (մինչև կենտկոմի պատասխանատու դեմք դառնալը) և հայկական էլեկտրամեքենաշինական գործարանում (Հայաստանի անկախացումից հետո): Բայց և ազգի ճակատագրով մտահոգ մեծահոգի այրը, արհամարհելով ամենայն անձնական հաշիվ ու վիրավորվածություն, բաց չի թողել հարմար պահը` կրկին վերադառնալու քաղաքական դաշտ և իր անգնահատելի փորձն ու ունակությունները ներդնելու իր նորանկախ երկրի առաջխաղացման գործում:
Վազգեն Սարգսյանի առաջարկով «Միասնություն» դաշինքի ստեղծումը եղավ շրջադարձային ո՛չ միայն մեր հանրապետության, այլև այն ստեղծողների կյանքում: Հմուտ դիվանագիտությամբ արված այդ քայլը չներվեց հայրենասեր գործիչներին, և դրա մղձավանջային վերապրումները մեզ հանգիստ չեն տալիս մինչև այսօր:
Սակայն ընթերցողների լայն շրջանակին հասցեագրված այս գիրքը սոսկ պետական, հասարակական-քաղաքական անցքերի տարեգրությանը նվիրված աշխատություն չէ, այլ կենդանի, համակրելի մարդու համապարփակ նկարագրի վավերացում:
Դժվար է զսպել հույզերը, երբ ընթերցում ես գրքի այն բաժինները, որոնք պատմում են Կարեն Դեմիրճյան ամուսնու, հոր, պապի, ընկերոջ, առավել ևս` արվեստասեր հայ մարդու մասին:
Թե ինչպես է նա բացահայտորեն ու միտումնավոր կերպով գաղտնի, սքողված հովանավորչական գործունեություն վարել իր ազգի մեծերի ճակատագրում կարևորագույն այս կամ այն հարցի լուծման պարագայում, պատմում են «Հովհաննես Բաղրամյան», «Մարիետա Շահինյան», «Արամ Իլյիչ Խաչատրյան», «Հովհաննես Շիրազ», «Սիլվա Կապուտիկյան», «Ժենյա Ավետիսյան և Յուրի Ամիրյան» բաժինները: «Մի քանի թանգարանների շինարարության մասին», «Կասկադ», «Մարզահամերգային համալիր», «Մետրոպոլիտեն», «Օդանավակայան» բաժիններում, ինչպես և գրքի այլ հատվածներում մենք իրազեկվում ենք այն խրթին ու խութաշատ ճանապարհների մասին, որոնց հաղթահարման արդյունքում այսօր ունենք Երևանի ու նաև ողջ Հայաստանի համար կարևորագույն բազում կառույցներ և կենսականորեն անհրաժեշտ հաստատություններ:
Գիրքը ներառում է լուսանկարների մեծ հավաքածու, որը շահեկանորեն լրացնում է ամենայն սիրով և բարեխղճությամբ շարադրված հարուստ ոդիսականի հայտնի ու անհայտ էջերը:
Մեր ժողովրդին հայտնի են պատմություններն այն մասին, որ Կարեն Սերոբիչը դասական երաժշտության բարդագույն պարտիտուրներն իմացել է անգիր և սովորություն է ունեցել պարզապես արտաբերելու ցածրաձայն երգեցողությամբ, երբեմն` քթի տակ սուլելով: Այս փաստի մի հուզիչ վավերացում է «Արամ Խաչատրյան» գլուխը:
Աշխարհահռչակ հայ կոմպոզիտորը կանխակալ բացասական կարծիք է ունեցել Կարեն Սերոբիչի նկատմամբ` համարելով նրան սովորական խորհրդային չինովնիկ: Դեմիրճյանի տիկնոջ` Ռիմա Դեմիրճյանի գործուն ջանքերով կայացել է շփումը Արամ Խաչատրյանի և ՀՀԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի միջև: «Հիշատակ» գրքում Երևանում կայացած հանդիպման մի մանրամասն է պատմում կենտկոմի այն օրերի պատասխանատուներից մեկը, ով ակամա մի քանի րոպե ներկա է գտնվել երկու մեծ հայերի հանդիպմանը: Մտնելով Կարեն Սերոբիչի աշխատասենյակ` պաշտոնյան քարացած կանգ է առել: «Իմ առջև բացված տեսարանը ցնցեց ինձ,- գրել է նա:- Կարեն Դեմիրճյանը մեղմաձայն երգում էր, իսկ նրա դիմաց նստած Մեծն Խաչատրյանի աչքերում ես արցունքներ տեսա: Ոչինչ չասելով` սկսեցի լսել: «Գայանե» բալետի մեղեդին էր»: Երբ գրեթե մեկ ժամ անց Արամ Խաչատրյանը դուրս է եկել Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակից, հուզված խոստովանել է. «Շնորհիվ Կարեն Սերոբիչի… ես ինձ հայ եմ զգում, ավելին, ես հպարտանում եմ դրանով: Ինձ ընդունել են թագավորներ, պրեզիդենտներ, ես հանդիպել եմ աշխարհի շատ երկրների ղեկավարների հետ, որտեղ համերգներ եմ տվել, ինձ ընդունել է աշխարհը, բայց ես հպարտանում եմ, որ հայ եմ, և Հայաստանն ունի այսպիսի ղեկավար… Նա զարմանալի մարդ է: Նրան լսելով` ես արտասվեցի. դրանք հպարտության արցունքներ էին»:
Ամփոփելով մեծարժեք այս գրքից ստացածս տպավորությունները` ցանկանում եմ իմ և ողջ ազգի անունից արտահայտել խորագույն հարգանքս առ Կարեն Դեմիրճյանի հիշատակը և մաղթել մեզ մեր պետականաշինության ու հայրենապատումի դժվարին ճանապարհին չկորցնել այսպիսի ղեկավարներ ունենալու անհրաժեշտ հույսը: Եվ թող այն անպայման իրականանա:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ